ՄԱԿ-ի կլիմայի COP29 համաժողովի շրջանակում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ. վերջինս հետաքրքրվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթացով։ Ալիևն ասել է, որ խաղաղության պայմանագրի տեքստի զգալի մասն արդեն համաձայնեցված է, միաժամանակ, հերթական անգամ դժգոհել է Հայաստանի Սահմանադրությունից՝ նշելով դրանում պարունակվող «տարածքային հավակնությունները»։               
 

Բուդդայի ձեռքը միշտ բաց է. գիրը չի սպառում խոսքը, խոսքը չի սպառում միտքը

Բուդդայի ձեռքը միշտ բաց է. գիրը չի սպառում խոսքը, խոսքը չի սպառում միտքը
11.01.2013 | 01:02

«Այն, ինչ պարզ է, հեշտ հասանելի է, այն, ինչ հեշտ հասանելի է, անարգվում է, իսկ այն, ինչ անարգվում է, հեշտությամբ ուրացվում է»: Սու Սյունն է ասել չինական «Փոփոխությունների մեծ գրքի» մասին: Ընդունեք, որ մեզնից յուրաքանչյուրը կարող էր ասել, նվազագույնը` ասվածի հետ համաձայնել: Բայց մենք ապրում ենք մեր ինքնաբերաբար գլորվող կյանքը և պատրաստ ենք հեշտությամբ ուրանալու և անարգելու ոչ միայն հեշտն ու պարզը, այլև այն, ինչ չենք հասկանում ու չենք փոխում: Մենք մոռացել ենք անվանելու անհրաժեշտությունը, որ պահանջում է մտածել: Իսկ չինացիները` ոչ: Նրանք շարունակում են անվանել ու անվանել: Նույնիսկ այն, ինչ արդեն չկա: Նրանք չեղածն անվանում են հիշողություն: ՈՒ հիշում են, որ միշտ պիտի հիշեն:

Սու Սյուն շարունակում է. «Կատարելաիմաստուն մարդը վախենում էր, որ իր ուսմունքը կուրացվի, և Անդրերկինքը քաոսի կվերադառնա, և նա ստեղծեց Փոփոխությունները»: Ընդունեք, որ մեզնից ոչ ամեն մեկը կարող էր սա ասել, մտածել, արդեն չեմ ասում` անել: ՈՒ նույնիսկ ոչ ամեն չինացի: Որովհետև փոփոխությունները դժվար, ահավոր, ցավոտ, անհրաժեշտ ու անխուսափելի են: Եվ այս հարթության մեջ ամենակարևորը ժամանակն է: Շուտ կամ ուշ` չի ընկալվելու: Չի իմաստավորվելու: Չի աշխատելու: Փոփոխությունները պիտի կատարվեն ժամանակին:
Հայաստանում փոփոխություններ չեն լինում: Ժամանակն անցնում է, իսկ փոփոխությունները մնում են հեռանկար: Սա Հայաստանի առանձնահատկությունը չէ: Տարեմուտի գնալ-գալու, կենացների և այլ իրադարձություններին զուգահեռ առաջադրվեցին նախագահի թեկնածուներ` տասնհինգը, նրանցից ոմանք վճարեցին ընտրագրավը, ոմանք կբավարարվեն առաջադրման հաճույքով: Այս ամբողջ ընթացքի հարցերի հարցը, սակայն, նրանք չեն, այլ մրցակցային կլինե՞ն ընտրությունները, ո՞վ կլինի երկրորդը, ի՞նչ տոկոսներով կհաղթի Սերժ Սարգսյանը: Հնարված հարցեր, որ որոնում են հնարամիտ պատասխաններ: Հնարված հարցեր, որովհետև այդ հարցերի պատասխաններից ոչինչ չի փոխվում: Որովհետև մեզ թվում է, որ մենք այնքան լավ ենք աշխարհից թաքնված, որ ոչ ոք ոչինչ չի իմանալու, եթե մենք չենք ուզում, որ իմանա: Որովհետև ձևական ու ձևային վերուվարումները, աջուահյակումները բովանդակային որևէ փոփոխություն չեն բերելու:
Փետրվարի 18-ի ընտրություններին առնչվող ամենակարևոր հարցը, որի մասին բոլորն էլ լռում են երդվյալ մի լռությամբ, բնավ չի վերաբերում բուն ընտրություններին, այլ այն ժամանակին, որ սկսվելու է ընտրությունների հաջորդ օրվանից: Շարունակելու ենք ապրել փետրվարի 18-ի երկրո՞ւմ, թե՞ փետրվարի 19-ից երկրում նոր ժամանակ է սկսվելու: Փոփոխությունների ժամանակ: Եթե այո, ի՞նչ բովանդակություն ու նպատակ, ի՞նչ իմաստ են ունենալու այդ փոփոխությունները: Վերջնահաշվում ո՞ւմ են ծառայելու: Հանրագումարը ո՞րն է լինելու:
Իրական հարցերը ծագելու են հընթացս փոփոխությունների ու հավարտ: Որովհետև պատասխանները բերելու են նոր հարցեր: Եվ միայն ժամանակի մեջ են երևալու արդյունքները: Կամ` արդյունքների բացակայությունը: Այս ամենը տեսություն չէ: Այս ամենը մեր կյանքն է: Միանշանակ է, որ Հայաստանին պետք են փոփոխություններ:

Բայց ամենակարևոր հարցերից մեկը դառնում է` ովքե՞ր են իրականացնելու այդ փոփոխությունները: Եվ` ի վիճակի՞ են նրանք` առանց փոխվելու իրականացնել փոփոխություններ: «Դիտարկելով երկնքի և երկրի պատկերները` կառուցեց առանձին գծերը, խորանալով լույսի ու մթության ուժերի փոփոխականության մեջ` կառուցեց հեքսագրամները, մտորելով դևերի ու ոգիների ձգտումները` կառուցեց աֆորիզմները». Սու Սյունը սիրում է պատմություններ և սիրում է պատմել` ինչ փոփոխություններ են եղել աշխարհում: Բայց Սյու Սյունը չի սիրում բացատրել մեխանիզմները: «Ինչպես»-ի մեծ գաղտնիքը:
Իսկ դա ամենակարևորն է: Սա` մեկ: Երկրորդ` ի՞նչ ենք ուզում ունենալ արդյունքում, և ի՞նչ հնարավորություններ ունենք` երեք:
Չհուսահատվեք, բայց երբ համադրում ենք այս երեք հարցերը և հատկապես հնարավորությունները, փոփոխությունների հեռանկարը հավասարվում է հորիզոնի գծին, որին որքան մոտենում ես, այնքան հեռանում է:
1789 թվականին ֆրանսիական հեղափոխությունը աշխարհին պարզեց ընդամենը երեք գաղափար` ազատություն, հավասարություն, եղբայրություն: ՈՒ հաղթեց այդ երեք գաղափարներով: Թե ինչ եղավ հետո հեղափոխականների հետ, ամենադիպուկն իրենք` ֆրանսիացիներն են բնորոշել` հեղափոխությունը խժռեց իր զավակներին: Բայց գաղափարները մնացին: ՈՒ եթե այսօրվա ֆրանսիացիներին հարցնեք, հազիվ թե համաձայնեն, որ ազատությունը, հավասարությունն ու եղբայրությունն են իրենց ուղեկիցները: Համենայն դեպս, մեկ ֆրանսիացի հաստատ չի համաձայնի, և նրա անունը Ժերար Դեպարդիե է, ֆրանսիացի, որ չի տառապում հայրենասիրության պակասով, բայց հրաժարվում է Ֆրանսիայի քաղաքացին լինելու պատվից ու պարտականությունից: ՈՒ վիճակագրության համաձայն, նա միակը չէ: ՈՒ ոչ էլ խղճուկ է, ինչպես նրան որակեց Ֆրանսիայի ոչ պակաս հայրենասեր վարչապետը: ՈՒրեմն` ի՞նչ: Անվե՞րջ է կատարելության ընթացքը: Իհարկե: Ամբողջ խնդիրը բովանդակությունն է: Ի՞նչ բովանդակություն եք պատկերացնում հասկացությունների համար, որքանո՞վ է ձեր տեսակետը համահունչ ձեր ժամանակակիցների պատկերացումներին, պատրա՞ստ են նրանք այդ պատկերացումների իրականություն դառնալու համար հրաժարվել իրենց հարմարավետ կյանքից ու դիմել անկանխատեսելի ավարտով մի արկածախնդրության, որը դառնալու է նրանց զավակների կյանքը: Դառնալու է, եթե նույնիսկ նրանք չդիմեն ոչ մի արկածախնդրության, բայց արդեն ոչ թե զավակների, այլ զավակների զավակների: Կամ` թոռների թոռների: Միով բանիվ` ժառանգների: Ամբողջ խնդիրը, հարկավ գիտեք, ժամանակն է: Եվ հենց ժամանակն է բացում ու փակում փոփոխությունների դռները: Չինական հայտնի իմաստությունը հավաստում է. «Բուդդայի ձեռքը միշտ բաց է, և եթե դու չես հասկանում, խնդիրը քո մեջ է»: Հազարամյա, թե հարյուրամյա, տասնամյա, թե ընդհանրապես գոյություն չունեցած փորձը այնքան կարող է օգտակար լինել, որքան մենք որոշում ենք այդ փորձին հետևել կամ անտեսել. Բուդդայի ձեռքը, միևնույն է, բաց է: Իսկ ընդհանրապես, նմանը ծնում է նմանին, հետևանքը նման է պատճառին: Ողջ աշխարհը ղեկավարվում է տիեզերական նույն օրենքներով, և գիտակցում ենք մենք, թե ոչ, աշխարհում ամեն ինչ փոխկապակցված է, իսկ դա նշանակում է, որ մեկ գործընթացի հասու դառնալով, որոշակիորեն կարող ենք հաշվարկել օրինաչափությունների ընթացքը: Բայց մենք չենք ուզում, մենք հավակնում ենք ինքնատիպության և համարյա հավատում ենք, որ կգտնենք զարգացման այն գալարը, որը մինչ մեզ չի եղել, այսինքն, փոփոխութունները մեր երկրում կիրականացնեն մարդիկ, ովքեր այդ փոփոխություններով կորցնելու են իրենց տեղն ու դերը: Հնարավո՞ր է: Իհարկե, բայց մեկ դեպքում` եթե փոփոխություններն անխուսափելի են, և չիրականացնեն նրանք, իրականացնելու են ուրիշները, իսկ նրանք, միևնույն է, կորցնելու են իրենց տեղն ու դերը: Նմա՞ն է սա հայկական իրականությանը: Մեր ժամանակի` 21-րդ դարի առաջին կեսի: Համարյա` դարասկզբի, երբ ամբողջ դարի հետագա ընթացքի ուղենիշներն են ճշտվում: Որքան էլ լավատես լինեք, հազիվ թե հիմքեր ունենաք «այո» ասելու: Եվ պատճառը ո՛չ համաշխարհային հանրությունն է, որ միշտ էլ ապրում է համաշխարհային հանրությանը բնորոշ կյանքով` առաջնորդվելով իր շահերով, ո՛չ ներքաղաքական իրավիճակը, որը ոչ թե պատճառ, այլ հետևանք է, ո՛չ էլ շատ մոդայիկ բացատրություն դարձած համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամը, որը, եթե իրոք էլ ինչ-ինչ իրադարձությունների պատճառ է, հենց ինքը հետևանք է: Հետևանք է կառավարման ընտելացած ու սովոր մեխանիզմների «գործադուլի», երբ տնտեսությունն այլևս հնարավոր չէ կառավարել հին մեթոդներով: Իսկ դա, որքան էլ հերքեն, մերժեն, ժխտեն, հետևանք է քաղաքակրթական ու բարոյահոգեբանական ճգնաժամի, որը շատ օրինաչափ ու բնական է: «Գիրը չի սպառում խոսքը, խոսքը չի սպառում միտքը: Արդյոք կատարելաիմաստուն մարդկանց մտքերը չէի՞ն կարող արտահայտված չլինել: Կատարելաիմաստուն մարդիկ կազմեցին խորհրդանիշները` սպառելով մտքերը, հաստատեցին գուա` սպառելով ճշնարիտն ու կեղծը, ավելացրին արտահայտությունները, որոնցում սպառեցին խոսքը, փոփոխելով և համադրելով դրանք` սպառեցին օգտակարությունը, գրգռելով և խթանելով սպառեցին ոգին»` Սի Ցի: Եվս մի չինացի, որ ճանաչել է փոփոխությունները:
Եվ քանի որ այսքան խորացանք Արևելքում, հիշենք Բաբելոնյան աշտարակաշինության պատմությունը, ավելի ճիշտ, թե որտե՞ղ և ինչո՞ւ ընդհատվեց պատմությունը, ինչո՞ւ չկառուցվեց աշտարակը: Որովհետև Տերը խառնեց լեզուները, և մարդիկ դադարեցին միմյանց հասկանալ: Տերը տարանջատեց, որ մարդիկ ոչ թե երկինք խորանան, այլ իրենք իրենց մեջ, որ միմյանցից ունեցած տարբերություններով մեկ ամբողջություն դառնան: Իսկ գուցե ժամանա՞կն է միավորման վերադառնալու: Թեկուզ ամբողջությունների նույնանմանությամբ:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Հ. Գ.- Մենք դեռ մի ամբողջ ամիս ժամանակ ունենք մեկ առ մեկ ու միասին քննարկելու նախագահական ընտրությունների բոլոր թեկնածուների առավելություններն ու թերությունները, անդրադառնալու նրանց ծրագրերին ու հայտարարություններին: Մի ամբողջ ամիս ու մի քանի օր էլ ունենք համադրելու, հակադրելու, ընդհանրություններն ու տարբերությունները որոշելու, ընտրելու ու չընտրելու: Մենք սովորաբար ժամանակ չենք ունենում մտածելու, իմաստավորելու, բովանդակավորելու: Այնքան չենք ունենում, որ մոռանում ենք մտածելու, իմաստավորելու, բովանդակավորելու անհրաժեշտությունը: Եվ ներդաշնակության օրենքներին փոխարինում են փոփոխությունների սպասումները: Հիշեցնեմ, որ չինացիները, իրավիճակի բովանդակությունը զրոյից սկսելով, հասցնում էին նոր իրավիճակի. առաջինը նրանք համարում էին այն սկիզբը, երբ իրավիճակը դեռ չի էլ արտահայտվում: Ժամանակի առումով` նախորդող իրադարձություններն են, որ ձևավորում են իրավիճակի հիմքերը: Երկրորդը իրավիճակի ներքին զարգացման գագաթնակետն է: Երրորդը` ներքին մակարդակից դեպի արտաքին տեղափոխվելու միտումը: Չորրորդը` արտաքին դրսևորումների սկիզբը: Հինգերորդը` իրավիճակի մաքսիմալ արտահայտումը: Վեցերորդը` իրավիճակի գերհասունացումը և ավարտը` նոր իրավիճակի գոյացումը: Ահա և փոփոխությունների մեխանիզմը, գտեք ձեզ` ո՞ր փուլում եք: ՈՒ մի վերջին հիշեցում` վերստին չինական. «Աշխարհում տիրում են փոփոխությունները. կատարելաիմաստունը հետևում է դրանց և ծաղկում, ստոր մարդը հակառակվում է և կործանվում»: Եզրակացությունների և ընտրության ազատությունը ձերն է, բայց հետո չնվնվաք:

Դիտվել է՝ 2862

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ